Ծրագրին դիմելու կարգ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. «Արվեստ23» ՀԿ-ն (այսուհետ՝ «Արվեստ23») մեկնարկում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) Արցախում ծնված և Արցախից տեղահանված մինչև 18տ. տաղանդավոր պատանի երաժիշտների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր և տավիղ:
1․2․ Դիմորդները ընդգրկվելու են Ծրագրում մրցութային սկզբունքներով և հաղթահարելով մրցութային փուլերը՝ համարվելու են Ծրագրի շահառուներ (այսուհետ՝ Շահառու)։ Վերջիններիս համար «Արվեստ23»-ն ապահովելու է․
-
Վարպետության դասեր
-
Բեմական փորձ
-
Թանգարանային այցեր
-
Օտար լեզվի դասեր
-
Այցելություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգներին
-
Ֆինանսական աջակցություն՝ ուսման վարձավճարի կամ մասնագիտական այլ ծախսերի համար
-
Երաժշտական գործիքի տրամադրում` ըստ անհրաժեշտության (կախված դիմորդի՝գործիքի առկայությունից և բնակության վայրից)
-
Համակարգչի և ինտերնետ կապի տրամադրում՝ ըստ անհրաժեշտության (կախված դիմորդի բնակության վայրից)։
1.3. Մրցութային փուլերի ավարտից հետո «Արվեստ23»-ը կարող է ընդգրկել Ծրագրում առավելագույնը 23 Շահառու։ Շահառուն ընդգրկվելու է Ծրագրում 1 տարի ժամկետով:
2. Մրցույթի անցկացման փուլեր
2.1. Մրցույթն ընթանում է հետևյալ փուլերով.
-
դիմում-հայտի և անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկում,
-
մասնակցություն ունկնդրումներին Երևան քաղաքում,
-
հարցազրույց «Արվեստ23»-ի նախագահի հետ,
-
արդյունքների ամփոփում և Ծրագրի շահառուների ընտրություն,
-
պայմանագրերի կնքում։
3. Ծրագրին դիմելու նախապայմաններ
3․1․ Ծրագրին կարող են դիմել Արցախում ծնված և Արցախից տեղահանված այն պատանի երաժիշտները, որոնք․
-
բնակվում են ՀՀ-ում,
-
դիմում-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ մինչև 18 տարեկան են (18-ը ներառյալ),
-
հանդիսանում էին Արցախի երաժշտական/արվեստի դպրոցի/քոլեջի/վարժարանի սան և տեղահանումից հետո շարունակում են իրենց երաժշտական կրթությունը ՀՀ-ի երաժշտական/արվեստի դպրոցում/քոլեջում կամ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում,
-
չէին հանդիսանում Արցախի երաժշտական/արվեստի դպրոցի/քոլեջի/վարժարանի սան, բայց տեղահանումից հետո ընդունվել են ՀՀ-ի երաժշտական/արվեստի դպրոց/քոլեջ կամ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա,
3․2․ Ծրագրին դիմելիս և հետագայում որպես Շահառու ներգրավվելու դեպքում դիմորդը կարող է անդամակցել/մասնակցել «Արվեստ23»-ի կողմից առաջարկվող Ծրագրից դուրս միայն այլ այն ծրագրերին/նախաձեռնություններին, որոնք ունեն կրթական բաղադրիչ և նպաստում են Շահառուի կրթական և զարգացման առաջընթացին:
3․3․ «Արվեստ23»-ի Խորհուրդը, ելնելով դիմորդի՝ այլ ծրագրերում/նախաձեռնություններին անդամակցության/մասնակցության մասին ներկայացված տվյալներից, իրավունք ունի որոշում կայացնել չընդգրկել դիմորդին Ծրագրում որպես Շահառու։
4. Ծրագրին դիմելու պահանջներ
4.1. Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
-
Դիմում-հայտ՝ լրացված դիմորդի օրինական ներկայացուցչի՝ ծնողի կամ խնամակալի (այսուհետ` Օրինական ներկայացուցիչ) / չափահաս դիմորդի կողմից առցանց՝ «Արվեստ23»-ի կայքի միջոցով. սեղմել սույն կարգի վերջում գտնվող «Դիմել ծրագրին» կոճակը, լրացնել այն համակարգչով, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, ապա սեղմել «Դիմել հիմա» կոճակը։
-
Դիմորդի ծննդյան վկայականի պատճեն
-
Դիմորդի անձնագրի (առկայության դեպքում) պատճեն (գլխավոր էջը, ծնողների/ծնողի մասին նշումով էջը կամ հասցեի էջր)։
-
Դիմորդի լուսանկար (ցանկալի է արտիստիկ լուսանկար)
-
Դիմորդի փաստացի բնակության վայրի (ոչ հաշվառման վայրի) մասին տեղեկանք:
-
Տեղեկանք դիմորդի՝ ՀՀ-ի երաժշտական հաստատությունից՝ առ այն, որ նա հանդիսանում է տվյալ երաժշտական հաստատության աշակերտ/ուսանող՝ նշելով․
- ընդունման ամսաթիվը,
- դասարանը/կուրսը,
- բաժինը/մասնագիտությունը
-
Դիմորդի Օրինական ներկայացուցչի /չափհաս դիմորդի դրամային բանկային հաշվի առկայության մասին տեղեկանք բանկից (ոչ քաղվածք, ոչ մնացորդ, այլ՝ դրամային բանկային հաշվի ռեկվիզիտների (հաշվեհամար, արժույթ` ՀՀ դրամ, և բանկ) մասին տեղեկանք) (այն հաշվեհամարի, որին դիմորդի՝ Ծրագրի Շահառու դառնալու դեպքում կփոխանցվի ֆինանսական աջակցությունը):
4․2․ Դիմելուց հետո էկրանին կերևա Ծրագրին դիմելու մասին հաղորդագրություն:
4․3․ «Դիմել հիմա» կոճակը սեղմելուց հետո հնարավոր չի լինի կատարել փոփոխություններ ներկայացված փաստաթղթերում, ուստի նախքան դիմելը համոզված եղեք, որ հայտը ճիշտ և ամբողջական է լրացված, և բոլոր փաստաթղթերն առկա են։
4․4․ «Արվեստ23»-ը, ելնելով դիմորդի ներկայացրած տվյալներից, իրավունք ունի ըստ անհրաժեշտության դիմորդից պահանջել այլ փաստաթղթեր ևս։
4.5. Դիմում-հայտի և պահանջվող մյուս փաստաթղթերի՝ առցանց կամ էլ․ փոստով ուղարկելը համարժեք է դիմորդի Օրինական ներկայացուցչի / չափահաս դիմորդի ստորագրությանը և վկայում է, որ Օրինական ներկայացուցիչը և դիմորդը․
-
ծանոթացել են, համաձայն են և անվերապահորեն ընդունում են սույն Կարգի բոլոր դրույթները և «Արվեստ23» ՀԿ-ի «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի Շահառուների պարտականությունները,
-
առանց առարկության ընդունում են ժյուրիի և «Արվեստ23»-ի Խորհրդի կողմից գրանցվելիք արդյունքները (կայացվելիք որոշումը),
-
տալիս են իրենց համաձայնությունը «Արվեստ23»-ին՝ իրենց կողմից տրամադրած անձնական տվյալների և տեղեկատվության՝ սույն Ծրագրի շրջանակներում մշակելու համար։
-
համաձայն են, որ Ծրագրի շրջանակներում դիմորդի մասնակցությամբ արված լուսանկարները, աուդիո նյութերը և տեսանյութերը օգտագործվեն, տարածվեն և հանրայնացվեն «Արվեստ23»-իկողմից,
-
պատասխանատու են իրենց ներկայացրած տեղեկության ճշգրտության, հավաստիության և սույն Կարգում նշված պահանջներին բավարարելու համար:
4․6․ Ներկայացվող փաստաթղթերի թերի լինելու, ինչպես նաև սույն Կարգում նշված նախապայմաններին և պահանջներին չբավարարելու դեպքում դիմորդների հայտերը ենթակա են մերժման, ինչի մասին դիմորդները նախապես կտեղեկացվեն:
5. Ժամանակացույց
5.1. Ծրագրին դիմելու համար հայտերի և փաստաթղթերի ընդունման ժամկետն է մինչև 2024թ․ հոկտեմբերի 15-ը ներառյալ:
5.2. Ստացված դիմում-հայտերի ամփոփումից հետո դիմորդները գրավոր կտեղեկացվեն ունկնդրումների մանրամասների մասին (անցկացման վայր և ժամ)՝ նրանց ուղարկված հրավերի տեսքով:
5.3. Ունկնդրումները կանցկացվեն ս./թ․ հոկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որի ավարտից հետո դիմորդները գրավոր կտեղեկացվեն ժյուրիի որոշման մասին։
5.4. Հոկտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի հարցազրույց «Արվեստ23»-ի նախագահի հետ:
5․5․ Մինչև ս․/թ․ նոյեմբերի 5-ը կհայտարարվեն Ծրագրի Շահառուների անունները։ Հայտարարելուց հետո նրանց Օրինական ներկայացուցիչների հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կկնքվի պայմանագիր:
5.6. «Արվեստ23»-ը կարող է վերանայել վերոնշյալ ժամանակացույցը՝ կախված ներկայացված հայտերի քանակից։
6. Ելույթի գնահատման չափորոշիչները
6.1. Գնահատման չափորոշիչներն են.
-
Ընտրված ծրագրի համապատասխանությունը դիմորդի տարիքային և անհատական առանձնահատկություններին:
-
Ստեղծագործության/ների կատարողական մեկնաբանության գեղարվեստական արժանիքները:
-
Կատարողի տեխնիկական հմտությունների մակարդակը:
7. Ունկնդրումներ
7.1. Երևանում անցկացվող ունկնդրումների ժամանակ դիմորդը պետք է․
-
հանդես գա իր ընտրությամբ ազատ ծրագրով (1 կամ մի քանի ստեղծագործություն), որը պետք է կատարվի անգիր և որն իր կարծիքով լավագույնս կներկայացնի իրեն՝ որպես առաջադրված թեկնածուի։ Ներկայացվող ծրագրի տևողությունը պետք է լինի առավելագույնը 15 րոպե:
-
հանդես գա մենանվագ ստեղծագործության կատարումով (որպես մենակատար)։ Եթե ներկայացվող ստեղծագործությունը/ները կատարվում են նվագակցությամբ, ապա դիմորդը պետք է ինքնուրույն ապահովի նվագակցություն ունկնդրումների ընթացքում (անհնարինության դեպքում՝ «Արվեստ23»-ը կտրամադրի նվագակցող՝ կախված դիմորդի բնակության վայրից)։
7.2. Ունկնդրումներին մասնակցության ծախսերը (օր․՝ տրանսպորտային ծախսեր) հոգում է դիմորդը/Օրինական ներկայացուցիչը։
7․3․ Ունկնդրումների ընթացքում ժյուրին իրավունք ունի ընդհատել դիմորդին։
7.4. Դիմորդի՝ ունկնդրումներին ներկայանալ չկարողանալու դեպքում դիմորդը/Օրինական ներկայացուցիչն այդ մասին նախապես 1 օր առաջ պետք է ուղարկի գրավոր տեղեկացում info@arvest23.org էլ․ փոստի հասցեին։ Ունկնդրումներին մասնակցել չկարողանալու դեպքում պատանի երաժիշտը այլևս չի համարվում դիմորդ և չի կարող շարունակել իր մասնակցությունը տվյալ Ծրագրի մրցութային փուլերին։
8. Արդյունքների ամփոփում և շահառուների խրախուսում
8.1. Արդյունքների ամփոփումից հետո ընտրված լավագույն դիմորդների Oրինական ներկայացուցիչների / չափահաս դիմորդների հետ կնքվելու է Շահառուի աջակցության պայմանագիր 5 տարի ժամկետով։
8․2․ Ժյուրիի և «Արվեստ23»-ի Խորհրդի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։